Հրաշք լիներ…

Հրաշք լիներ, կրկնվեր
Այն հրաշքը իրական,
Առուն ստվերս տաներ
Ջաղացպանի աղջկան:

Գար խափաներ, խաթարեր
Իմ ջաղացը մանկական,
Նրա հետ սերս տաներ 
Ջաղացպանի աղջկան:

Պահեր, գրկի մեջ պահեր
Կարմիր աստղերը ձկան,
Կարմիր արևս տաներ 
Ջաղացպանի աղջկան:

Ա՜խ, ձեն ու ձուն չհաներ
Իմ ցավերի լուռ վկան,
Այրող ցավերս տաներ 
Ջաղացպանի աղջկան:

Ինչ ասեի, կատարեր,
Առներ սերս գեղջկական
Մի անգամ ևս տաներ 
Ջաղացպանի աղջկան:

Հրաշք լիներ կրկնվեր
Այն հրաշքը իրական….